ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Իշխանությունը քանի՞ «ֆլանգով» է գնալու

Իշխանությունը քանի՞  «ֆլանգով» է գնալու
22.09.2017 | 01:32

(Առաջին մասը)

Բոլորը, այդ թվում` Կարապետյանների կոնգլոմերատը, հասկանում են 2018-ի դիլեման. այն է` ոչ միայն Սերժ Սարգսյանն է որոշելու, այլև ինքն է լինելու, այսպես ասած, իր իսկ «իրավահաջորդը», որքան էլ այդ հարցում հայեցողական լինի Ռուսաստանի դերակատարությունը: Ընդ որում, մեր տեղեկություններով, նույն այդ կոնգլոմերատը համաձայն է նաև նման հեռանկարի (չնայած այլ ելք էլ չունի): Հենց միայն այն պատճառով, որ խաղատախտակին շարված այդ «փունջը» քաղաքական որևէ լծակ չունի հայաստանյան զարգացումների վրա այս կամ այն կերպ ազդելու, նաև հենց այդ «հանձնառությամբ» է գնում դեպ «տասնութ»: Ասել է` խաղատախտակի վրա դերակատարությունները բաշխված են ի սկզբանե. Սերժ Սարգսյանին` երկրի անվտանգության, արտաքին և ներքին քաղաքականության լծակները, կոնգլոմերատին` տնտեսության:


Զարգացումներն էլ, ըստ ամենայնի, կընթանան հետևյալ ամպլիտուդով. Սերժ Սարգսյանը միանգամից չի ստանձնի վարչապետության «տիտղոսը»: Նա որոշակի «թայմ-աուտ» կվերցնի, որը շատ երկար չի տևի, որովհետև Հայաստանում առանց «գրչի» մարդը շատ արագ է վերածվում երիտթոշակառուի, որքան էլ իր ներքո ունենա ՀՀԿ-ի նման կաստայացած մեծամասնություն: Եվ ինչ-որ մի պահի (սահմանին ինչ-որ լարման, դիվերսիայի հետ կապված) ՀՀԿ ԳՄ ծերակույտն ու խորհուրդը «ազգովին կխնդրեն» Սերժ Սարգսյանին` դառնալ վարչապետ` Գերագույն գլխավոր հրամանատարի «մունդիրով», որովհետև հանրապետական կուսակցության ղեկավարը, եթե անգամ նա Սերժ Սարգսյանն է, չի կարող (իրավունք չունի) «խառնվել» երկրի անվտանգության խնդիրներին, կամ, ինչպես նույն Սերժ Սարգսյանն է ասել, նահանջելու (կամ առաջ գնալու) հրաման տալ:
Եվ ապա` կա անչափ օբյեկտիվ մեկ հարցադրում ևս. ո՞վ է լինելու գլխավոր բանակցողը Հայաստանի կողմից` ղարաբաղյան հարցում` 2018-ին, եթե Սերժ Սարգսյանը «նստում» է ՀՀԿ գրասենյակում. Կարեն Կարապետյա՞նը, Էդվարդ Նալբանդյա՞նը (ընդ որում, ասում են` վերջինս անհամբեր սպասում է Ֆրանսիայում իր դեսպան դառնալու երկրորդումին, քանզի Չիտեչյանի վրա այլևս հալ չկա)։ ՈՒ թե լինենք անկեղծ` եթե մնացած հարցերում կարող են կադրային ինչ-ինչ այլընտրանքներ լինել, ղարաբաղյան բանակցությունների հարցում, որքան էլ պարադոքսալ է, «սուրբ տեղը դատարկ է»:


Հանգուցենք ծայրերը միմյանց. խաղատախտակին եղող բոլոր «ֆլանգներն» էլ այս պահին հասկանում են, որ 2018-ի ինչ-որ միջակայքում վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը, առաջին փոխվարչապետ, անչափ մեծ ու լայն լիազորություններով, Կարեն Կարապետյանը, ևս երկու փոխվարչապետ ՀՅԴ-ից և Ծառուկյանի ԲՀԿ-ից (ընդ որում` հենց այստեղ է Ծառուկյանի անչափ ու հուժկու նվիրվածության բանալին` առ Սերժ Սարգսյան. փորձագետները չեն բացառում, որ «յուր հետի» «Արուսը»` երիտթոշակառու Հովիկ Աբրահամյանը, կդառնա այդ փոխվարչապետը, որքան էլ «գենետիկորեն» անհամատեղելի են «ֆորբսահայ» օլիգարխներն ու հայաստանյան օլիգոպոլները` Կարեն Կարապետյաններն ու Հովիկ Աբրահամյանները. ահա ինչու է նաև Հովիկ Արգամիչը յուր հարաբերությունները «կանոնավորում-ջերմացնում» Կարեն Կարապետյանի հետ):


Վերը նշված զարգացումների դեպքում (երբեք մի ասա` երբեք) փաստացի «կռիվը» կլինի ոչ այնքան «տասնութի», որքան «հետո»-ի համար` բոլոր խաղացողների, այդ թվում` Ծառուկյանենց համար. վերջիններս, լինելով Կարապետյանների հետ խնամի-սանիկ-ընկեր հարաբերությունների մեջ, այնուհանդերձ, պատրաստ չեն ապագայում, երբ Սերժ Սարգսյանը, ի վերջո, կթողնի իշխանությունը, իշխանությունը հանձնելու «էներգետիկ» արքա ունեցող Կարապետյանների կոնգլոմերատին։ Սերժ Սարգսյանի իշխանաթողությունից հետո (դա կլինի տասը, թե «հարյուր տարի» հետո), Ծառուկյանենք «գտնում» են` այդ ժամանակ իրենք պետք է ունենան լուրջ լծակներ Հայաստանում, որովհետև իրենք էս երկրի «վտակ» են, հոսանք ու «գետակ» և, ի տարբերություն «այլոց», ահավոր կապված են էս հող ու ջրին:
Բայց սա արդեն այլ խոսակցության թեմա է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3370

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ